ՀՀ առողջապահության նախարարի հերթական հրամանն անվավեր ճանաչվեց
- 2021-03-05
ՀՀ առողջապահության նախարարի հրամանով մերժվել էր դեղեր ներմուծող Ընկերության կողմից թվով տաս անուն դեղերի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն:
Նախարարի հիմնավորմամբ Հայաստանի Հանրապետությունում գրանցված և ներմուծվող դեղերի միջև առկա են եղել որոշ տարբերություններ:
Գործի քննության ընթացքում Դատարանը, ուսումնասիրելով գործի բոլոր փաստական և իրավական հանգամանքները, մեջբերելով վարչական ակտի հիմնավորվածության վերաբերյալ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները, արդարացիորեն եզրահանգեց, որ վիճարկվող հրամանը վարչական մարմնի կողմից կայացվել է գրավոր վարչական ակտին ներկայացվող պահանջների խախտմամբ:
Դատարանը, մասնավորապես, արձանագրեց, որ վիճարկվող հրամանում նշված չեն եղել այն հիմքերն ու հիմնավորումները, որոնց համաձայն հրամանում նշված դեղերը չեն համապատասխանում ՀՀ-ում գրանցված դեղերի պետական գրանցամատյանի պահանջներին:
Միաժամանակ Դատարանն ընդգծեց, որ Օրենսդրի կողմից սահմանված՝ վարչական ակտում բոլոր էական փաստական հանգամանքները նշելու վարչական մարմնի պարտականությունն ինքնանպատակ չէ, այլ այն բխում է այն տրամաբանությունից, որ վարչական ակտը հիմնավորելու վարչական մարմնի պարտականության սահմանումը կոչված է ապահովել վարչական վարույթի մասնակիցների՝ սուբյեկտիվ իրավունքների և ազատությունների գործնականում արդյունավետ պաշտպանությունը:
Ավելին, Դատարանը փաստեց, որ վիճարկվող հրամանը պատճառաբանված չլինելու հայցվորի մատնանշումները ևս հիմնավոր են, քանի որ վարչական ակտը որոշակի չէ և պարզ չի, թե կոնկրետ ինչ պարտականություն է դրվում հասցեատիրոջ վրա, ինչը հայցվորին զրկում է իր խախտված իրավունքների արդյունավետ դատական պաշտպանությունն իրականացնելու հնարավորությունից:
Այսպիսով, ներկայացված հիմնավորումների արդյունքում դատարանը գտավ, որ հայցը ենթակա է բավարարման:
Ծանոթություն.
Թիվ ՎԴ/3755/05/20 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի վճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ: