Բեկանվեց Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ/0382/02/16 քաղաքացիական գործով կայացված վճիռը


  • 2017-10-03

Նկարագրություն

«ՄԼԼ ԻՆԴԱՍԹՐԻԶ» ՍՊ ընկերության և «Ի Էմ Էյջ Քոնսթրաքշն» ՓԲ ընկերության միջև ձեռք բերված համաձայնության հիման վրա «ՄԼԼ ԻՆԴԱՍԹՐԻԶ» ՍՊ ընկերությունը ապրանքներ էր մատակարարել «Ի Էմ Էյջ Քոնսթրաքշն» ՓԲ ընկերությանը: «ՄԼԼ ԻՆԴԱՍԹՐԻԶ» ՍՊ ընկերության կողմից «Ի Էմ Էյջ Քոնսթրաքշն» ՓԲ ընկերությանը ներկայացվել էր էլեկտրոնային հարկային հաշիվ, որը հաստատվել էր պատասխանողի էլեկտրոնային ստորագրությամբ:

«Ի Էմ Էյջ Քոնսթրաքշն» ՓԲ ընկերությունը չէր կատարել մատակարարված ապրանքների համար վճարելու պարտավորությունը, ինչը հիմք էր հանդիսացել դատական կարգով պահանջելու պարտավորության կատարումը: 

Սույն գործով, դատարանը, ուսումնասիրելով մեր կողմից ներկայացված ապացույցները, գտել էր, որ հայցը ենթակա է մերժման, քանի որ ըստ դատարանի՝ հայցվորի կողմից ներկայացված հարկային հաշիվը պատասխանողի կողմից հաստատված լինելը հիմնավորող որևէ ապացույց չէր ներկայացվել:

Հայցվորի ներկայացուցիչը նշված վճռի դեմ ներկայացրել էր վերաքննիչ բողոք: Բողոքում, մասնավորապես, նշել էինք, որ դատարանը չէր կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ, 436-րդ, 521-րդ, 450-րդ, 347-րդ և 348-րդ հոդվածները, խախտել էր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 53-րդ հոդվածները, ինչը հանգեցրել էր գործի սխալ լուծման:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ և 347-րդ հոդվածները, եկավ այն համոզման, որ դատարանի` հայցը մերժելու մասին եզրահանգումներն անհիմն էին և գործում առկա ապացույցների ոչ պատշաճ գնահատման արդյունք, քանի որ հայցվորի կողմից ներկայացված ապրանքների մատակարարման հարկային հաշիվները բովանդակում էին տեղեկություններ, որոնք վերաբերում էին պատասխանողին մատակարարվող ապրանքների հետևանքով առաջացած դրամական պարտավորություններին: Հետևաբար, դրանք ուղղակիորեն առնչվում էին կողմերի միջև ծագած մատակարարման հարաբերություններին, ուստիև պարունակում էին տեղեկություններ, որոնք անհրաժեշտ էին գործի լուծման համար:
Վերաքննիչ դատարանն արձանագրեց, որ ապրանքների մատակարարման հարկային հաշիվները սույն գործով վերաբերելի և թույլատրելի ապացույցներ էին և դրանք պետք է գնահատվեին արժանահավատության տեսանկյունից` պատասխանողի դիրքորոշման հաշվառմամբ:

Վերոնշյալ հիմնավորումներով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն արձանագրեց այն փաստը, որ դատարանը վճիռ կայացնելիս խախտել էր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները և կայացրել էր անհիմն դատական ակտ, որպիսի պայմաններում ՀՀ վերաքննիչ դատարանը բավարար համարեց բողոքի հիմքերը, իսկ վճիռը բեկանվեց և գործն ուղարկվեց նոր քննության:

Share