Պարտավորությունը չէր կատարվել


  • 2017-10-06

Սույն գործի փաստերի համաձայն՝ Ք.Ա.-ի անունից վերջինիս ներկայացուցիչ Ռ.Վ.-ն, «էքսպերտ Լաբորատորիա» ՍՊ ընկերության հետ 24.07.2014 թվականին կնքել էր ծառայությունների մատուցման պայմանագիր:

Նշված պայմանագրով «էքսպերտ Լաբորատորիա» ՍՊ ընկերությունը պարտավորվել էր իրականացնել փորձաքննություն և պարզել՝ արդյո՞ք Արաբկիր 49 փողոցի 2/2 հասցեում գտնվող անշարժ գույքի հիմքերի քանդումը և 2/3 հասցեում բարձրահարկ բնակելի շենքի կառուցումը համապատասխանում էին քաղաքաշինական նորմերին: 

Ծառայության արժեքը կազմել էր 120.000 ՀՀ դրամ, որն ամբողջությամբ վճարվել էր Ք.Ա.-ի կողմից:

«էքսպերտ Լաբորատորիա» ՍՊ ընկերությունը հրաժարվել էր իրականացնել պայմանագրով սահմանված իր պարտավորությունները:

Հավատարիմ մնալով մեր ընկերության որդեգրած սկզբունքներին՝ ստեղծված իրավիճակը փորձեցինք լուծել բանակցային եղանակով, սակայն «էքսպերտ Լաբորատորիա» ՍՊ ընկերության ներկայացուցիչը կտրականապես հրաժարվեց կատարել պայմանագրով նախատեսված պարտավորությունները, ինչի արդյունքում Ք.Ա.-ի անունից ներկայացվեց հայցադիմում՝ նախապես վճարված գումարը բռանագանձելու պահանջի մասին:    

Թիվ ԵԱՔԴ/0865/02/16 քաղաքացիական գործով դատարանը եկավ այն եզրահանգման, որ հայցը ենթակա է բավարարման, և պատասխանող «Էքսպերտ Լաբորատորիա» ՍՊ ընկերությունից հօգուտ Ք.Ա.-ի պետք է բռնագանձել նախապես վճարված 120.000 ՀՀ դրամ գումարը: Միաժամանակ, դատարանը հայցի բավարարման հիմքում դրեց այն հանգամանքը, որ պատվիրատուի կողմից վճարման պարտականությունը ծագում է միայն ծառայությունը պատշաճ մատուցված լինելու պարագայում, մինչդեռ պատասխանողի կողմից այն չէր կատարվել:

Նման պայմաններում դատարանը վճռեց նաև բռնագանձվող գումարի նկատմամբ հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ՝ մինչև պարտավորության փաստացի կատարման պահը:

Share