ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը վկաների ցուցմունքները ճանաչեց անթույլատրելի
- 2017-09-25
Հայցվորի ներկայացուցիչ Հայկ Սահակյանը, դիմելով Դատարան, հայտնել էր, որ 2008 թվականի հունիսի 11-ից սկսած հայցվորի կողմից պարբերաբար ընդհանուր առմամբ 20.170 ԱՄՆ դոլար էր փոխանցել պատասխանողին, պայմանով, որ վերջինս կվերադարձնի դրանք, 4.800 ԱՄՆ դոլարը պատասխանողը վերադարձրել էր, հայցվորը պահանջել էր վերադարձնել նաև գումարի մնացած մասը: Ներկայացված հայցով հայտնել էինք նաև, որ կողմերի միջև փոխառության իրավահարաբերությունները հաստատվում են դրամական միջոցների փոխանցման անդորրագրերով և պատասխանողի կողմից գումարը վերադարձնելուն ուղղված գործողություններով և պահանջել էինք պատասխանողից բռնագանձել 15.370 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:
Սույն գործով հատկանշական էր այն հանգամանքը, որ պատասխանողի կողմից հայցվորին վերադարձված 4.800 ԱՄՆ դոլար գումարը նույնպես փոխանցվել էր արագ դրամական փոխանցման համակարգի միջոցով: Ընդ որում, փոխանցումներն իրականացվել էին փուլային եղանակով:
Պատասխանողը, առարկելով հայցի դեմ, հայտնել էր, որ հայցվորն իրեն գումարներ է ուղարկել և ոչ այն չափով, ինչպես նշված էր հայցադիմումի մեջ, և ինչպես նշված էին դրամական միջոցների փոխանցման դիմումներում: Գումարներն ուղարկվել էին՝ որպես «ընտանեկան օգնություն», այլ ոչ թե վերադարձնելու նպատակով, հետևաբար դրանք չէին կարող համարվել փոխառությամբ տրված գումարներ:
Միաժամանակ, պատասխանողը պնդել էր, որ հայցվորին վերադարձված գումարներից 420 ԱՄՆ դոլարը գոյացել էր հայցվորին պատկանող մանր կենցաղային ապրանքների վաճառքից, իսկ փոխանցված գումարի մնացած մասով պատճառաբանել էր, որ այդ գումարը հայցվորը հանձնել է իր տղայի կնոջը և հետևաբար վերջինս էլ վերադարձրել է հայցվորին: Նշված հանգամանքը, պատասխանողը, փորձել էր հիմնավորել այնպես, իբրև այդ գումարը հայցվորի կողմից տրվել էր՝ որպես նվեր:
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ Ա.Պետրոսյանը մերժել էր հայցվորի պահանջը և հիմնավորված էր համարել, որ 420 ԱՄՆ դոլար գումարը, որը պատասխանողը փոխանցել էր հայցվորին, վերջինիս կողմից Նաիրա Խալաթյանին` 140 ԱՄՆ դոլարով, Լուսինե Կարապետյանին` 100 ԱՄՆ դոլարով և Մարգարիտա Պողոսյանին` 190 ԱՄՆ դոլարով վաճառված օծանելիքների գումարներն էին: Դատարանը հիմնավորված էր համարել նաև, որ «Արթուր Խաչատրյանի և Տաթևիկ Աթոյանի նշանադրության օրը` 29.04.2012թ., Ռուզաննա Ոսկերչյանն առաջարկել էր գումար տալու միջոցով օգնել նրանց` որպես նորաստեղծ ընտանիքի, սեփական գործ ունենալու համար:
Հատկանշական նաև այն, որ դատարանը, նշված փաստերը հաստատված էր համարել բացառապես վկաների ցուցմունքների հիման վրա:
Հայցվորի ներկայացուցիչը նշված վճռի դեմ ներկայացրել էր վերաքննիչ բողոք՝ նշելով, որ դատարանի կողմից սխալ է մեկնաբանվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ, 878-րդ հոդվածները, չեն կիրառվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասը, 509-րդ, 595-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառվեին, խախտվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 50-րդ, 51-րդ, 53-րդ հոդվածների, 130.1-րդ հոդվածի 2-րդ մասի, 131-րդ, 132-րդ հոդվածների պահանջները:
Վերաքննիչ դատարանը, բողոքն ընդունելով վարույթ, անդրադարձավ սույն քաղաքացիական գործով էական փաստերին և բեկանեց առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռն ու փոփոխեց այն՝ բավարարելով ներկայացված վերաքննիչ բողոքը:
Վերաքննիչ դատարանը, մասնավորապես, անդրադարձավ ապրանքի ապառիկ վաճառքի պայմանագրի (ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 504. հոդված 505), փոխառության պայմանագրի (ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 877, հոդված 878) կնքման համար օրենսդրի կողմից սահմանված ձևին և նշեց, որ դրանք պետք է լինեն գրավոր: Ընդ որում արձանագրեց, որ նշված պայմանագրերի գրավոր ձևը չպահպանելու դեպքում կողմերը զրկված են ի հավաստումն պայմանագրի հիմնվել վկաների ցուցմունքների վրա, բայց զրկված չեն այլ ապացույցներ ներկայացնելու իրավունքից: Այսինքն` ապրանքի ապառիկ վաճառքի և փոխառության իրավահարաբերությունների փաստերի առկայությունը կարող են հաստատվել միայն այդ փաստերը հիմնավորող վերաբերելի և թույլատրելի ապացույցներով, այն է` օրենքին համապատասխան գրավոր կնքված պայմանագրերով կամ այլ ապացույցներով, որոնք իրենց համակցության մեջ գնահատման արդյունքում կարող են վկայել կողմերի միջև քննարկվող իրավահարաբերությունների մասին: Վկաների ցուցմունքները վերը նշված պայմանագրերի կնքված լինելու փաստը հավաստելու համար թույլատրելի ապացույցներ չեն:
Վերաքննիչ դատարանն արձանագրեց, որ գործում առկա չէ որևէ թույլատրելի ապացույց՝ ի հավաստումն ինչպես ապառիկ վաճառված ապրանքի, այնպես էլ հայցվորի և Արթուր Խաչատրյանի ու Տաթևիկ Աթոյանի միջև նվիրատվության պայմանագրի կնքման մասին, որպիսի պայմաններում բացառապես վկաների ցուցմունքների վրա հիմնված Դատարանի հետևություններն այն մասին, որ դրամական միջոցներն ուղղվել էին այդ պայմանագրերից առաջացած պարտավորությունների կատարմանը, իրավաչափ գնահատվել չէին կարող: