18,900,000 ՀՀ դրամի վարչական ակտն անվավեր է ճանաչվել


  • 2020-02-12

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի որոշմամբ Հայցվորը ենթարկվել էր վարչական պատասխանատվության՝ օրենսդրության պահանջների խախտմամբ դեղեր ներմուծելու և իրացնելու համար:

Տեսչական մարմնի գնահատմամբ հայցվորն այդ խմբաքանակի դեղերի համար պետք է դիմեր ՀՀ առողջապահության նախարարություն և ստանար ներմուծման հավաստագիր:

Հարկ է նշել, որ մեր կողմից ներկայացված հայցի հիմքում ընկած էր այն փաստարկը, որ վարչական մարմինը խախտել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված վարչական պատասխանատվության ենթարկելու երկամսյա ժամկետը, ինչին ի պատասխան տեսչական մարմինն իր դիրքորոշմամբ նշել էր, որ իրավախախտումը բացահայտել են ստուգումներ իրականացնելու միջոցով, որի արդյունքում եզրահանգել, որ կիրառելի է ՎԻՎ Օրենսգրքի 37-րդ հոդվածի ընդհանուր կանոնից բացառություն նախատեսող այն նորմը, որով վարչական պատասխանատվության կարելի է ենթարկել իրավախախտումը ստուգմամբ բացահայտելու օրվանից երկամսյա ժամկետում:

Այնինչ նշյալ իրավանորմի կիրառման համար անհրաժեշտ վավերապայման է, որպեսզի իրավախախտումն անհնարին լինի բացահայտել այլ եղանակով, քան ստուգմամբ, և միաժամանակ, իրավախախտումը պետք է բացահայտվի բացառապես ստուգմամբ:
Վարչական վարույթի նյութերի ուսումնասիրությունից պարզվեց, որ վարույթի ընթացքում ստուգում չի իրականացվել, միաժամանակ պարզվեց, որ նշված արարքը բացահայտելու համար ստուգում իրականացնել ամենևին հարկավոր չէր, քանի որ մաքսային մարմինը ներմուծմանը հաջորդող ամսվա մինչև վերջին օրը ներմուծված խմբաքանակի և անհրաժեշտ այլ տվյալների վերաբերյալ տեղեկատվությունն ուղարկում է ՀՀ առողջապահության նախարարությանը, այսինքն՝ տեսչական մարմինն ուներ այլ հնարավորություն բացահայտելու ենթադրյալ իրավախախտումը:

Վերոգրյալ հիմնավորումները բավարար համարելով՝ ՀՀ վարչական դատարանը թիվ ՎԴ/12381/05/18 վարչական գործով ներկայացված հայցը բավարարեց՝ վերացնելով տեսչական մարմնի կողմից 18,900,000 ՀՀ դրամի վարչական պատասխանատվության ենթարկելու որոշումը:       

Հատկանշական է նաև այն, որ տեսչական մարմինը որոշման հիմքում դրել էր մի իրավական ակտ (ՀՀ կառավարության 581-Ն որոշում), որն ուժը կորցրել էր, ինչին, սակայն ավելի ծավալուն կանդրադառնանք հաջորդիվ: 

Share