Կայանումը կատարվել էր երթևեկությանը ոչ զուգահեռ


  • 2017-10-12

Թիվ ՎԴ/3307/05/17 վարչական գործով անվավեր ճանաչվեց ՀՀ սստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության որոշումը:

Հայվորի ներկայացուցիչ` Հայկ Սահակյանը, դիմելով դատարան հայտնել էր, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից օրենքի խախտմամբ ընդունվել էր վարչական ակտ:

Վարչական ակտն ընդունվել էր ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի 955-Ն որոշման հավելված 1-ի 80-րդ կետի հիման վրա, համաձայն որի` տրանսպորտային միջոցը տեղակայել թույլատրվում է երթևեկելի մասի եզրին զուգահեռ մեկ շարքով՝ բացառությամբ այն տեղերի (երթևեկելի մասի տեղային լայնացում), որտեղ գծանշմամբ թույլատրված են տրանսպորտային միջոցների դասավորման այլ ձևեր։ Առանց կողային կցորդի երկանիվ տրանսպորտային միջոցները թույլատրվում է կանգնեցնել երկու շարքով։

Այս առումով հարկ է նշել, որ հայցվորն իր տրանսպորտային միջոցը կայանել էր ճանապարհի այն հատվածում, որտեղ առկա էր տեղային լայնացում և ճանապարհի այդ հատվածի դիրքը փոխադրամիջոցներին այլ ձևով դասավորության հնարավորություն էր տալիս: Իսկ ահա, վարչական մարմինների կողմից տեսանկարահանող սարքերի միջոցով ձեռք բերված ապացույցները պետք է իրենց մեջ պարունակեին հայցվորի կողմից կատարված իրավախախտման բոլոր հատկանիշները, այնինչ դրանք իրենց մեջ չէին արտացոլում իրավախախտման որևէ հատկանիշ:

Տվյալ պարագայում, վիճարկվող որոշումը հակասում էր «Ճանապարհային երթևեկության մասին» 1968 թվականի կոնվենցիային, որը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել էր 2004 թվականին, իսկ ուժի մեջ մտել 2006 թվականին: Կոնվենցիայի 23-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ ազգային օրենսդրությունում այլ դրույթների բացակայության դեպքում փոխադրամիջոցները` բացառությամբ երկանիվ հեծանիվների, կախովի շարժիչով երկանիվ հեծանիվների և առանց սայլակի մոտոցիկլետների, երթևեկելի մասում չպետք է կանգ առնեն կամ կայանման մեջ գտնվեն երկու շարքով։ Կանգ առած կամ կայանման մեջ գտնվող փոխադրամիջոցները պետք Է դասավորվեն երթևեկելի մասի եզրին զուգահեռ՝ բացառութամբ այն տեղերի, որոնց դիրքը (կոնֆիգուրացիան) փոխադրամիջոցներին այլ դասավորության հնարավորություն է տալիս։

Սույն դեպքում պատասխանողի կողմից հաշվի չէր առնվել այն հանգամանքը, որ տրանսպորտային միջոցը կայանված է եղել երթևեկելի մասի եզրային լայնացված գոտում, այսինքն՝ կանգառի հատվածն իր կոնֆիգուրացիայով հնարավորություն է տվել կանգառելու ոչ զուգահեռ, ինչի արդյունքում պատասխանողը խախտել էր Կոնվենցիայի 23-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետը։

Այսպիսով, ՀՀ վարչական դատարանը նշված հիմնավորումներով անվավեր ճանաչեց ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության վարչական ակտը:

Share