ՃՈ ծառայության վարչական ակտն անվավեր է ճանաչվել


  • 2017-09-15

ՀՀ վարչական դատարանը, թիվ ՎԴ/1296/05/17 վարչական գործով 14.04.2017 թվականին կայացված վճռով բավարարել է ներկայացված հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության՝ վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին.


ՀՀ վարչական դատարանը, մասնավորապես, արձանագրել է.


Սույն վարչական գործի փաստերի համաձայն` Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի տեսուչը, համադրելով տեխնիկական միջոցի օգտագործմամբ ստացված տեսանյութում ամրագրված արարքի հատկանիշները իրավախախտման հատկանիշների հետ, պարզել է, որ «MAZDA» մակնիշի 697OR61 համարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը 09.01.2017թ. ժամը 13։39-ին ք.Երևան, Ազատության / Բաբայան խաչմերուկի հատվածում չի պահպանել Հայաստանի Հանրապետության կառավարության 28.06.2007թ. թիվ 955-Ն որոշման հավելված 1-ի 80-րդ կետի պահանջը, այսինքն` տրանսպորտային միջոցը տեղակայել է երթևեկելի մասի եզրին ոչ զուգահեռ։

Սակայն, Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից 18.01.2017թ. թիվ 1705633127 որոշման կայացման համար հիմք հանդիսացած տեսանյութում պատկերված է ք.Երևան, Ազատության / Բաբայան խաչմերուկի հատվածը։ Տեսանյութում տեսագրված է, որ «MAZDA» մակնիշի 697OR61 համարանիշի տրանսպորտային միջոցը կայանված է ք.Երևան, Ազատության / Բաբայան խաչմերուկի հատվածում՝ երթևեկելի մասի եզրին ոչ զուգահեռ, որտեղ առկա է տեղային լայնացում, սակայն նշված տեղային լայնացումից առաջ ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի 955-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի «Լրացուցիչ տեղեկատվության նշաններ (ցուցանակներ)» բաժնի 8.6.1 «Տրանսպորտային միջոցի կանգնեցման ձևը կայանման տեղերում» լրացուցիչ տեղեկատվության նշան տեսագրված չէ։


Այսպիսով, վերոնշյալ փաստական հանգամանքների և իրավական նորմերի համադրված վերլուծության արդյունքում դատարանը գալիս է այն եզրահանգման, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի տեսուչը, իրավախախտման հատկանիշների պարզման փուլում, ք. Երևան, Ազատության / Բաբայան խաչմերուկի հատվածում տեղադրված տեսանկարահանող սարքի օգտագործմամբ ստացված տեսանյութում ամրագրված արարքի հատկանիշները, մասնավորապես այն, որ «MAZDA» մակնիշի 697OR61 համարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը 09.01.2017թ. ժամը 13։39-ին ք. Երևան, Ազատության / Բաբայան խաչմերուկի հատվածում չի պահպանել Հայաստանի Հանրապետության կառավարության 28.06.2007թ. թիվ 955-Ն որոշման հավելված 1-ի 80-րդ կետի պահանջը, համադրելով իրավախախտման հատկանիշների հետ, հաշվի չի առել այն հանգամանքը, որ նշված հատվածը` տեղային լայնացումը, չի համապատասխանում «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով սահմանված «երթևեկելի մաս» հասացությամբ տրված մեկանբանությանը, համաձայն որի` երթևեկելի մասն իրենից ներկայացնում է ճանապարհի տարր` նախատեսված ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների երթևեկության համար, քանզի «MAZDA» մակնիշի 697OR61 համարանիշի տրանսպորտային միջոցի՝ ք.Երևան, Ազատության / Բաբայան խաչմերուկի նշված հատվածում մայթեզրին ոչ զուգահեռ կայանած վայրում՝ տեսանյութի հետազոտմամբ ակնհայտ է, որ նշված հատվածում կայանված տրանսպորտային միջոցները որևէ կերպ չեն խոչընդոտում առաջին գոտիով երթևեկող տրանսպորտային միջոցներին։

Բացի այդ, դատարանն արձանագրում է, որ «MAZDA» մակնիշի 697OR61 համարանիշի տրանսպորտային միջոցի կայանման վայրում՝ ք.Երևան, Ազատության / Բաբայան խաչմերուկի նշված հատվածում բացակայում է նաև «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 28.06.2007թ. թիվ 955-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի «Լրացուցիչ տեղեկատվության նշաններ (ցուցանակներ)» բաժնի 8.6.1 «Տրանսպորտային միջոցի կանգնեցման ձևը կայանման տեղերում» լրացուցիչ տեղեկատվության նշանը, որպիսի փաստական հանգամանքը հաշվի առնելու պարագայում իրավախախտման հատկանիշները չէին կարող համարվել պարզված, քանզի տեսանյութում ամրագրված արարքի հատկանիշների և իրավախախտման հատկանիշների համապատասխանությունն առնվազն պետք է կասկած հարուցեր այն մասին, թե արդյո՞ք «MAZDA» մակնիշի 697OR61 համարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը ք.Երևան, Ազատության / Բաբայան խաչմերուկի հատվածում չի պահպանել Հայաստանի Հանրապետության կառավարության 28.06.2007թ. թիվ 955-Ն որոշման հավելված 1-ի 80-րդ կետի պահանջը, որպիսի պարագայում այդ արարքի հատկանիշները չէին համապատասխանի իրավախախտման հատկանիշների հետ և չէին կարող առաջացնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասով սահմանված պատասխանատվություն։

Share